ԿինոՊրեսը Եվրոպական կինոակադեմիայի առաջին հայաստանյան մեդիա գործընկեր

Ուրախ ենք տեղեկացնել, որ ԿԻՆՈՄԱՆԻԱԿ ընկերության ԿինոՊրես հայկական կինոլրատվական կայքը պաշտոնապես դարձավ Եվրոպական կինոակադեմիայի առաջին հայաստանյան մեդիա գործընկերը:

Եվրոպական կինոակադեմիան (EFA) հիմնադրվել է 1988 թվականին Բեռլինում՝ նպատակ ունենալով խթանել եվրոպական կինոն և աջակցել դրա զարգացմանը միջազգային ասպարեզում։ Ակադեմիան միավորում է ավելի քան 4500 կինոգործիչների, այդ թվում՝ ռեժիսորների, դերասանների, սցենարիստների, պրոդյուսերների և արդյունաբերության այլ մասնագետների:

Կինոակադեմիայի կողմից կազմակերպվող գլխավոր միջոցառումներից է Եվրոպական կինոմրցանակը՝ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը եվրոպական կինոյի համար համարվում է ամերիկյան «Օսկարի» անալոգ:

Բացի մրցանակներից, Եվրոպական կինոակադեմիան զբաղվում է կրթական ծրագրերով, անցկացնում է փառատոններ, վարպետության դասեր և քննարկումներ կինոյի ապագայի վերաբերյալ: Նա նաև ակտիվորեն հանդես է գալիս Եվրոպայում ստեղծագործելու ազատության և կինոարտադրության անկախության օգտին։

Եվրոպական կինոակադեմիան կարևոր դեր է խաղում եվրոպական կինոյի մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում, աջակցում է երիտասարդ ռեժիսորներին և նպաստում Ազգային կինեմատոգրաֆիաների ինտեգրմանը միջազգային տարածքում՝ ամրապնդելով կապը տարբեր երկրների և ավանդույթների միջև:

Սա մեծ քայլ է մեր պարբերականի և ողջ հայկական կինոարդյունաբերության համար։ Այժմ մենք կկարողանանք օպերատիվ կերպով լուսաբանել եվրոպական կինոյի գլխավոր իրադարձությունները, կիսվել բացառիկ նյութերով և մեր ընթերցողներին տրամադրել էլ ավելի յուրահատուկ բովանդակություն համաշխարհային կինոյի մասին: